Ընտրության օրն անցել է սահուն և եղել են մի քանի էական խախտումներ։ Այս մասին տեղեկացնում է «Ականատես» տեղական դիտորդական նախաձեռնությունը, որն իրականացրել է դիտորդական առաքելություն 2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նկատմամբ ՀՀ բոլոր մարզերում՝ առաջին անգամ՝ ընտրանքի հիման վրա դիտորդության (sample-based observation) մեթոդաբանության կիրառմամբ:

Դիտորդների դիտարկման համաձայն, ընտրական հանձնաժողովներն, ընդհանուր առմամբ, գործել են ընթացակարգերին համապատասխան։ Ընտրատեղամասերի 96%-ում ապահովվել է քվեարկության նախապատրաստմանը ներկա հանձնաժողովի անդամների անհրաժեշտ քվորում։ Կողմնակի անձանց ներկայություն է նկատվել ընտրական տեղամասերի 1%-ում։ Չհրկիզվող պահարանների մասով պահանջները պահպանվել են ընտրական տեղամասերի 98%-ում, քվեատուփերի մասով՝ ընտրական տեղամասերի 99%-ում։ Ընտրական տեղամասերի 99%-ում տվյալները պատշաճ կերպով ներմուծվել են, և տպվել է ընտրողների բացակայությունը հավաստող տեղեկանքը։

Դիտարկվող որևէ ընտրատեղամասում ընտրություներին մասնակցող քաղաքական ուժերի քարոզչական նյութեր չեն նկատվել։

Ընտրատեղամասերի 96%-ի կահավորումն ապահովվել է քվեարկության գաղտնիությունը։ 4% տեղամասերում եղել են խնդիրներ, որոնք կարգավորվել են։ Դիտորդները պարզել են, որ ընտրական տեղամասերի 48%-ը հասանելի չի եղել հենաշարժողական դժվարություններ ունեցող մարդկանց համար։

Ընտրատեղամասերի մեծ մասը բացվել է ժամանակին. 8,33%-ը բացվել է մինչև ժամը 8։00-ը, 9,67%-ը՝ 8:01-8:15-ը ժամանակահատվածում, իսկ 0,33%-ը (թիվ 25/15 ընտրատեղամաս)` 8:16-ից հետո։

Քվեարկությունն ամբողջ հանրապետությունում, ընդհանուր առմամբ, անցել է խաղաղ և եղել օրենքին համահունչ։ Տեղ են գտել քիչ թվով լուրջ խախտումներ և միջադեպեր։ 

Քվեարկության գործընթացում նկատվել են ընտրական տեղամասերի ներսում գտնվելու իրավասություն անձանց իրավունքի խոչընդոտման դեպքեր տեղամասերի 2.67%-ում (1-ից ավել դեպք)։ Ընտրատեղամասային հանձնաժողովները հիմնականում գրանցել են դիտորդների կողմից նկատված խախտումները տեղամասային գրանցամատյաններում, սակայն տեղամասերի 5.67%-ում եղել է մեկից ավել դեպք, երբ գրանցամատյանում չի գրանցել։ 17% տեղամասերում ընտրողների անվան դիմաց եղել է այլ անձի ստորագրություն (1-3 դեպք): 1.33%-ում ստորագրություն լինելու պատճառով չի թույլատրվել քվեարկել 1-3 դեպքում։

Տեղամասերում ընտրողների նույնականացման հետ կապված լուրջ խնդիրներ չեն արձանագրվել։ Տեղամասերի 24.3%-ում որոշ ընտրողների անուններ գրանցված չեն եղել սարքավորումներում՝ (1-3 չգրանցման դեպք), 4.33%-ում նկատվել է 4-10 չգրանցման դեպք, և 1%-ում 11-ից ավել չգրանցման դեպք։

Առանց պատշաճ նույնականացման փաստաթղթերի քվեարկություն չի նկատվել:

Քվեարկության գաղտնիությունը հիմնականում հարգվել է, և 3.33%-ում եղել է միտումնավոր խախտում։ Տեղամասերի 21.67%-ում նկատվել է բաց քվեարկության 1-3 դեպք, 7.33%-ում՝ 4-10 դեպք, և 1.67%-ում՝ 11-ից ավել դեպք։ Ընտանիքով քվեարկելը շարունակում է տարածված պրակտիկա լինել։ Տեղամասերի 24.33%-ում դիտվել է 1-3, 10%-ում՝ 4-10 և 4%-ում՝ 11 կամ ավել ընտանիքով քվեարկության դեպքեր։ 

Ուղղորդված քվեարկություն դիտարկվել է տեղամասերի 6%-ում՝  (1-10 դեպք):

Ընտրողին օգնություն ցուցաբերելու պատշաճ ընթացակարգի խախտումներ արձանագրվել են տեղամասերի 6%-ում (1-ից ավել)։

Տեղամասերի 2%-ը փակվել է ժամանակից շուտ, 94%-ը փակվել է ժամանակին, իսկ 4%-ը՝ 20:01-20:15-ին։

Ընդհանուր առմամբ, դիտորդների կարծիքով տեղամասային ընտրական հանձնաժողովների աշխատանքն, ընդհանուր առմամբ, համապատասխանել է օրենքով սահմանված գործընթացներին․ միայն տեղամասերի 2.82%-ում են եղել ամփոփման ընթացակարգի խախտումներ, իսկ հաշվարկի ընթացակարգի խախտումներ գրանցվել են տեղամասերի 6.34%-ում։ Ընտրատեղամասերի 94.98%-ում արդյունքների ամփոփման փուլի մասնակիցներին տրամադրվել են արձանագրության քաղվածքն ու մասնակցության մասին տեղեկանքը։ Տեղամասերից 0.67%-ում հաշվարկի ընթացքում ներկա են եղել կողմնակի անձինք։