«Սասնա ծռեր» կուսակցությունը խորհրդարանում չհայտնվեց ղարաբաղյան հարցի վերաբերյալ դիրքորոշման պատճառով: Դեկտեմբերի 12-ին  լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Սասնա ծռեր» կուսակցությունից պատգամավորի թեկնածու, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Նրա խոսքով «Սասնա ծռեր» կուսակցությունը միակ քաղաքական ուժն էր, որը քարոզարշավի շրջանում արտահայտում էր դիրքորոշում, որը տարբերվում  է Մադրիդյան սկզբունքներից:

«Հաշվի առնելով, որ նոր ձեւավորված «Սասնա ծռեր» կուսակցությունը չէր կարող հասցնել այլ հարցերով տարաձայնությունների մեջ հայտնվել, միակ բացատրությունն այն է, որ կան ուժեր, որոնք համառորեն չէին ցանկանում նրան խորհրդարանում տեսնել հենց ղարաբաղյան հարցի դիրքորոշման պատճառով, այսինքն՝ Ղարաբաղի եւ Հայաստանի միավորման գաղափարի պատճառով:

Մյուս բոլոր քաղաքական ուժերը, այսպես թե այնպես, խոսում էին տարածքների փոխանցումը ենթադրող դիրքորոշման մասին», - ասաց Գրիգորյանը:

Նա կարծում է, որ ղարաբաղյան հարցի վերաբերյալ տարբեր մոտեցումներ ունենալը կարեւոր է այնքանով, որքանով այն ներկայացվում է հասարակությանը՝  թույլ  տալով ավելի ամբողջական պատկերացում ունենալ հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ:

Անդրադառնալով ընտրությունների արդյունքների ակնկալիքների մասին՝ թեկնածուն շեշտեց, որ ռեյտինգային համակարգի առկայությունը, ինչպես նաեւ կուսակցության դեմ աննախադեպ հակաքարոզչության մակարդակը թույլ չտվեցին, որ այն հայտնվի խորհրդարանում: «Սասնա ծռեր» կուսակցության օգտին քվեարկել է 23.000 ընտրող: Սա լավ արդյունք է, հաշվի առնելով, որ այն ստեղծվել էր ընդամենը մեկ ամիս առաջ», - եզրափակեց Ստեփան Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ«Սասնա ծռեր» կուսակցությունը ընտրություններում 1,82 տոկոս  քվե  է ստացել: