Այս ընտրությունները մեկ քայլ առաջ էին, քանի որ դրանք ավելի ազատ եւ լիբերալ էին: Այս մասին դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Սակայն նրա խոսքով անհնար է նոր Հայաստան կառուցել թողնելով հին Ընտրական օրենսգիրքը եւ Սահմանադրությունը, որոնք ընդունվել են կեղծիքի ճանապարհով:
«Հետեւաբար հարկավոր է տարվա ընթացքում փոխել Ընտրական օրենսգիրքը, ինչպես նաեւ փոփոխություններ մտցնել «Կուսակցությունների մասին» օրենքում: Միայն դրանից հետո կարելի է նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել՝ գաղափարական մրցակցություն ապահովելով», - բացատրեց Սարգսյանը:
Քաղաքական գործչի գնահատմամբ, մարդիկ կոնկրետ մարդու են ընտրել՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին եւ նրա հանդեպ բարձր վստահություն ունենալով՝ նրա թիմին:
«Ընտրողների ձայների 70 տոկոսը դարձավ նախկին իշխանությունների նկատմամբ ատելության արդյունք, քանի որ մարդիկ ցանկանում էին ազատվել հնից:
Մյուս կողմից մոտ 900 հազար քաղաքացիներ չեն եկել ընտրատեղամասեր եւ պետք է պարզել, ովքեր են նրանք, ինչու չեն գնացել քվեարկելու: Քանի որ նրանք կարող էին փոխել ընտրությունների արդյունքները», - ասաց Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Դեմոկրատական կուսակցությունը ընտրությունները բոյկոտել էր:





























