ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սատարում է Սաուդյան Արաբիայի թագաժառանգին՝ չնայած ԿՀՎ-ի եզրակացությանը, որ հենց նա է պատվիրել լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունը եւ թագավորության դե ֆակտո կառավարչի գործողությունները դատապարտելու մասին ԱՄՆ սենատորների կոչերին, հաղորդում է Reuters-ը:
Թրամփը հրաժարվել է մեկնաբանել Մուհամմեդ բին Սալմանի հնարավոր առնչությունը Խաշոգջիի սպանությանը եւ հստակ հասկացրել է, որ շարունակում է աջակցել Սաուդյան Արաբիային: «Նա Սաուդյան Արաբիայի առաջնորդն է: Նրանք՝ մեր շատ լավ դաշնակիցն են», - ասել է Թրամփը:
Հարցին՝ արդյոք դա նշանակում է, որ նա նաեւ աջակցում է թագաժառանգին, Թրամփն ասել է. «Այս պահին, անկասկած, այո»: Թրամփը կրկնել է, որ «թագաժառանգը վճռականորեն հերքում է» սպանությանն իր առնչությունը, որը միջազգային հանրության վրդովմունքն էր առաջացրել:
ԿՀՎ-ն նոյեմբերին եզրակացրել էր, որ Խաշոգջիի սպանության հրամանը տվել է արքայազն Մուհամմեդը: Թրամփն այս եզրակացությունը «չափազանց վաղաժամ» էր անվանել:
Հանրապետական Լինդսի Գրեմը եւ այլ սենատորներ, որոնք նախկինում աջակցում էին Սաուդյան Արաբիայի հետ համագործակցությանը, Թրամփին կոչ են արել թագավորության դեմ նոր պատժամիջոցներ կիրառել:
Նոյեմբերին ԱՄՆ-ն Խաշոգջիի սպանության գործում դերակատարություն ունենալու համար տնտեսական պատժամիջոցներ էր սահմանել Սաուդյան Արաբիայի 17 պաշտոնյաների նկատմամբ:
Թրամփի խոսքով, նա կհանդիպի սենատորների հետ, ովքեր այս շաբաթ բանաձեւ են քննարկում, որը դատապարտում է արքայազնին լրագրողի սպանությանը ներգրավվելու համար: Եթե Կոնգրեսը հաստատի բանաձեւը, նախագահը ստիպված կլինի ստորագրել այն կամ վետո դնել:
Ամերիկացի առաջնորդը նաեւ հույս է հայտնել, որ սենատորները չեն առաջարկի դադարեցնել Սաուդյան Արաբիային զենքի վաճառքը:





























