«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը ԱԺ արտահերթ ընտրություններում հավաքել էր 8,27 տոկոս ձայն եւ նոր ԱԺ-ում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, ամենից շատ ձայն ստացել է Կոտայքի մարզում: Ընդ որում, այլ մարզերի համեմատ ԲՀԿ-ն Կոտայքում շուրջ կրկնակի ավել ձայն է ստացել՝ 19 275 կամ 16.4 տոկոս:
Սրանով է պայմանավորված, որ եթե որոշ մարզերից ԲՀԿ-ի թեկնածուներից ոչ ոք չի ընտրվել պատգամավոր, ապա Կոտայքից միանգամից երեք թեկնածու դարձել է պատգամավոր:
Նրանցից առաջատարը Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանն է, ով ստացել է 7472 ձայն: Երկրորդը Գագիկ Ծառուկյանի փեսան է՝ Դավիթ Մանուկյանը, ով ստացել է 4 560 ձայն: Հատկանշական է, որ այս տարածքից պատգամավոր է ընտրվել նաեւ Ջանիբեկ Հայրապետյանը, ով ստացել է 987 ձայն:
Երկրորդ մարզը, որտեղ ԲՀԿ-ն առավել շատ ձայն է ստացել, Արմավիրն է, որտեղ ԲՀԿ-ն ստացել է 11963 ձայն կամ 11.55 տոկոս: Այստեղ առաջին տեղը զբաղեցրել է ԱԺ պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդին՝ Քաջիկ Գեւորգյանը, ով ստացել է 3371 ձայն: Նրան հաջոդրդում է ԱԺ պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը՝ 1634 ձայն:
Նահապետ Գեւորգյանի որդին՝ Քաջիկ Գեւորգյանը
Երրորդ լավագույն արդյունքը ԲՀԿ-ն ցույց է տվել Շիրակի մարզում, որտես ստացել է 11141 ձայն կամ 10.78 տոկոս: Այստեղ ԲՀԿ-ից առաջատարը Վարդան Ղուկասյանն է (3198 ձայն): Վարդեւան Գրիգորյանը երկրորդն է՝ 2783 ձայն:
Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրական տարածքում ԲՀԿ-ն ստացել 9261 ձայն կամ 8.23 տոկոս: Այստեղ առաջատարը «Մուլտիավիատրանս» ՍՊԸ տնօրեն Արթուր Դալլաքյանն է, ով ստացել է 2121 ձայն, երկրորդը ԱԺ պատգամավոր Վանիկ Ասատրյանն է (1890):
5-րդ լավագույն արդյունքը ԲՀԿ-ն գրանցել է Արարատի մարզն ընդգրկող թիվ 5 ընտրական տարածքում: Այստեղ կուսակցությունն ստացել է 9138 ձայն կամ 8.18 տոկոս: Առաջատարը ԱԺ պատգամավոր Տիգրան Ստեփանյաննէ (2166 ձայն) եւ ԱԺ պատգամավոր, Հովիկ Աբրահամյանի ազգականուհի Կարինե Պողոսյանը (1480):
Հաջորդը Գեղարքունիքի մարզն ընդգրկող թիվ ընտրական տարածքն է, որտեղ ԲՀԿ-ն ստացել է 8277 ձայն կամ 8.61 տոկոս:
Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերն ընդգրվող թիվ 12 ընտրական տարածքում ԲՀԿ-ն ստացել է 7102 ձայն կամ 7.88 տոկոս: Այստեղ առաջին տեղում է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը (2110):
Արագածոտնի մարզն ընդգրկող թիվ 7 ընտրական տարածքում ԲՀԿ-ն ստացել է 6222 ձայն կամ 10.20 տոկոս: Այստեղ էլ առաջատարը ԱԺ պատգամավոր Նորա Առուստամյանն է (1994):
Հատկանշական է, որ ԲՀԿ-ն առավել քիչ ձայներ ստացել է Երեւանում:
Մասնավորապես, Երեւանի Կենտրոն, Նորք–Մարաշ, Էրեբունի Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրական տարածքում ԲՀԿ-ն ստացել է 5446 ձայն կամ 5.62 տոկոս: Այստեղ ԲՀԿ-ից առաջատարը ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանն է (1195 ձայն): Այս ձայները բավարար չեն եղել, որ Էնֆիաջյանն ընտրվի: Նա ընտրվել է համապետական ցուցակով:
Երեւանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 1 ընտրական տարածքում ԲՀԿ-ն ստացել է 5522 ձայն կամ 5.7 տոկոս: Այստեղ առաջատարը Արտյոմ Ծառուկյանն է (1118 ձայն): Նախորդ տարի նույն տարածքում Ծառուկյանը 5000-ից ավելի ձայն էր ստացել:
Երեւանի Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջանն ընդգրկող թիվ 2 ընտրական տարածքում ԲՀԿ-ն ստացել է 4412 ձայն կամ 4.21 տոկոս: Այստեղ առաջատարը Տիգրան Ուրիխանյանն է (1154), մինչդեռ մեկ տարի առաջ նա այստեղ ստացել էր 3779 ձայն:
Երեւանի Մալաթիա–Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջանն ընդգրկող թիվ 3 ընտրական տարածքում ԲՀԿ-ն ստացել է ընդամենը 3370 ձայն կամ 3.24 տոկոս:
Տավուշի մարզի թիվ 13 ընտրական տարածքում ԲՀԿ-ն ստացել է 2695 ձայն կամ 4.68 տոկոս: Այստեղ առաջատարը Վարուժան Բաբաջանյանն է, ով ստացել է 705 ձայն:





























