Եվրոպական Միությունում պայմանավորվածություն է ձեռք բերվել մեկանգամյա պլաստմասե ափսեների, ճաշասեղանի պարագաների եւ այլ մեկանգամյա պլաստմասսե արտադրանքի արգելման մասին: Եվրոպական խորհրդարանի եւ ԵՄ երկրների  ներկայացուցիչները համաձայնության են եկել պլաստիկ թափոնների կրճատմանն ուղղված արգելքի մանրամասների շուրջ, դեկտեմբերի 19-ի առավոտյան հաղորդել է Ավստրիայի կառավարությունը։ Ավստրիան ներկա պահին նախագահում է Եվրամիությունը, հաղորդում է Deutsche Welle-ն:

Մեկանգամյա օգտագործման ապրանքների մի ամբողջ շարք, որոնց այլընտրանքներն արդեն կան, պետք է ամբողջովին արգելվեն ԵՄ-ում՝ սկսած 2021թ.-ից։

Այս կանոնների ուժի մեջ մտնելուց հինգ տարի անց պլաստիկ շշերը կվաճառվեն միայն դրանց ամրակցված կափարիչներով: Բացի այդ, որոշակի չափով պլաստիկ պարունակող մի շարք մեկանգամյա օգտագործման ապրանքներ, մասնավորապես  խոնավ անձեռոցիկները, պարտադիր կարգով կուղեկցվեն շրջակա միջավայրի վրա դրանց բացասական ազդեցության ցուցումներով:

Հոկտեմբերի վերջին Եվրահանձնաժողովի համապատասխան առաջարկին Եվրախորհրդարանը կողմ քվեարկեց: Ըստ պլանների, 2025 թ. վերջին մեկանգամյա պլաստիկ շշերի 90 տոկոսը պետք է ենթակա լինի վերամշակման:

Եվրախորհրդարանի տվյալներով, պլաստիկի մասնաբաժինը համաշխարհային օվկիանոսի աղբի երեք քառորդն է կազմում: ԵՄ-ում մեկանգամյա պլաստմասսե արտադրանքները կազմում են լողափերի աղբի մոտ կեսը: