Երեւանի քաղաքային տրանսպորտի խնդրի մասին խոսվում է երկար, շատ, սակայն հարցը լուծում չի ստանում: Այս մասին դեկտեմբերի 19-ին ասուլիսում հայտարարեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանը:
«Սակայն առկա խնդիրների լուծման փոխարեն նորերն են հայտնվում», - ասաց Չիլինգարյանը:
Նա հիշեցրեց, որ բոլոր դժբախտությունները սկսվեցին 90-ականներից եւ ով ինչպես կարողանում էր փորձում էր ոլորտում տեղ զբաղեցնել: Սկսեցին գազելներ ներկրել:
«Դա ստորացուցիչ է: Ոչ տարածաշրջանում, ոչ ԱՊՀ որեւէ երկրում նման բան չկա», - ասաց Չիլինգարյանը: Նա հիշեցրեց, որ երկու տարի առաջ քաղաքապետարանը սկսել էր հարցի լուծման փորձերը: Մեծ գումար էր ծախսվել, բրիտանական ընկերությունն ուսումնասիրել էր ոլորտը եւ առաջարկների փաթեթ էր ներկայացրել:
«Բայց, ցավոք, վերջին շրջանում այդ մաիսն ոչինչ չի ասվում: Իսկ ծրագրով արդեն պետք է տրանսպորտի գնման փուլը մեկնարկեր:
Մենք ցանկանում էինք միանգամից հարցը լուծել եւ դրա համար մեծ ներդրումներ էին անհրաժեշտ: Վրաստանում հարցն աստիճանաբար լուծվեց, եւ մեծ ներդրումներ չպահանջվեցին», - նշեց փորձագետը:
Վերջերս հայտնի դարձավ, որ գործընթացը կարող է տեւել 2-ից 4 տարի, բայց թե ինչ փուլում է խնդիրը, փորձագետը գաղափար չունի:
«Քաղաքում խցանումները ուղղակիորեն կախված են տրանսպորտից, նրա քանակից եւ որակից: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են դրանք մոտենում կանգառներին, կանգնում են 2-րդ 3-րդ գծում, եւ ոչ ոք հարցը չի լուծում: Ով պատահի վարորդ է աշխատում, իսկ վարորդական իրավունքները գնում են», - ասաց Չիլինգարյանը:
«Աշխատանքային օրը սահմանափակ չէ, ընդ որում աշխատակիցնրի շահագործումը վերաբերում է ոչ միայն վարորդներին, այլեւ գրեթե բոլոր ոլորտներին: Սակայն վարորդների դեպքում դա անթույլատրելի է: Դա մեծ թվով պատահարների պատճառներից մեկն է», - ընդգծեց Չիլինգարյանը:
Նա հավելեց, որ հին գազելները կարող են օգտագործվել մարզերում ուղեւորների տեղափոխման համար: Պատասխանելով սակագների հնարավոր փոփոխության մասին հարցին՝ Չիլինգարյանը բերեց Վրաստանի օրինակը. այնտեղ դրանք չեն փոխվել, իսկ գինն ավելի էժան է, քան Հայաստանում:
«Մեզ մոտ առաջ էլ էին ասում, որ տրանսպորտն ի վնաս է աշխատում: Դա ճիշտ չէ», - ասաց փորձագետը:




























