ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց տեխնիկական  գիտությունների թեկնածու, դոցենտ Հրաչյա Ասցատրյանը ՀՀ ԳԱԱ նախագահության դեկտեմբերի 19-ի նիստում:

Հրաչյա Ասցատրյանը ծնվել է 1976թ-ին Երեւանում: Ավարտել է  ԵՊՀ Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: 1994թ-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում: Մինչ տնօրենի պաշտոնում ընտրվելը նա ինստիտուտի փոխտնօրենն էր: 

Հրաչյա Ասցատրյանի գիտական հետազոտությունները վերաբերում են կոմպյուտերագիտությանը, բարձր արտադրողականությամբ հաշվարկներին եւ տարաբաշխված համակարգերին,  գիտական հաշվարկներին եւ ամպային տեխնոլոգիաներին: Նա շուրջ 90 գիտական հոդվածի հեղինակ է: Նրա ղեկավարությամբ թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել 4 ասպիրանտ:

Հրաչյա Ասցատրյանը «Արմկլաստեր» բարձր արտադրողականությամբ համակարգի ստեղծման համար աշխատանքային խմբի կազմում 2004թ. արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին: Երկու անգամ ընդգրկվել է Հայաստանի 100 արդյունավետ գիտնականների ցանկում:

Հրաչյա Ասցատրյանը, որպես հիմնական կատարող եւ աշխատանքների ղեկավար, մեծ ներդրում ունի ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի, Եվրոպական Հանձնաժողովի, Սեւծովյան տնտեսական համագործակցության եւ այլ միջազգային նախագծերի իրականացման գործում: Դասավանդում է ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոնում եւ Հայաստանի ամերիկյան համալսարանում: