Հայաստանում Մեծ մետաքսի ճանապարհի բնակավայրերով զբոսաշրջային երթուղի են մշակել:

«Մետաքսի ճանապարհի հայկական ժառանգությունն» իրականացվում է «Զբոսաշրջություն եւ ձեռքբերումներ» կայուն զարգացման հասարակական կազմակերպության կողմից՝ զարգացման գերմանական ծառայության (GIZ) Ֆինանսավորմամբ:

NEWS.am-ի հետ զրույցում ընկերության փոխնախագահ Տատյանա Հովհաննիսյանը նշեց, որ ծրագիրը ենթադրում է Մետաքսի ճանապարհի բնակավայրերի զբոսաշրջային կլաստերի ստեղծում, որն իր մեջ ներառում է Գյումրի, Աշտարակ, Եղեգնաձոր, Սիսիան, Գորիս քաղաքները, Դվին եւ Արտաշատ հին բնակավայրերը, Արենի եւ Խութ գյուղերը եւ այլն:

Ծրագրում ներառված փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները պետք է զբոսաշրջիկներին  ազգային ավանդույթների եւ մշակույթի, պատմական կոլորիտի պահպանման պայմանով ծառայություններ ներկայացնեն:

«Երեք զբոսաշրջային փաթեթ  է մշակվել՝ 7-օրյա, 15-օրյա եւ արկածային (ներառում է այցեր քարանձավեր եւ դժվարամատչելի տեղանքներ)», - ասաց Հովհաննիսյանը:

Զբոսաշրջիկների համար հետաքրքիր միջոցառումներ կկազմակերպվեն, այդ թվում Մետաքսի ճանապարհի շրջանին հատուկ ապրանքների պատրաստման վարպետության դասեր:

«Բոլոր զբոսաշրջիկները հատուկ անձնագիր կստանան, որում ամեն մի բնակավայրում խորհրդանշական կնիք կդրվի:

Բոլոր բնակավայրերն անցնելուց հետո զբոսաշրջիկը համապատասխան վկայագիր կստանա այն մասին, որ նա անցել է Մետաքսի ճանապարհի ուղիով», - ասաց Հովհաննիսյանը:

Օրինակ՝ Երեւանում ճանապարհորդը պետք է  Հայաստանի պատմության թանգարան այցելի, Մատենադարան, Հայաստանի ԿԲ այցելուների կենտրոն (երկրի դրամական շրջանառության հետ ծանոթանալու համար):

Ծրագիրն ուղղված է Մետաքսի ճանապարհին Հայաստանի դերի մասին տեղեկացվածության բարձրացմանը: Այն մշակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության պահանջներին համապատասխան: