ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՌԴ-ում մարդու իրավունքների հանձնակատարի հատուկ հրավերով Մոսկվայում մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության եւ Մարդու իրավունքների հանձնակատարի հաստատության 25- ամյակին նվիրված խորհրդարանական լսումներին։
Միջոցառման ընթացքում տեղի են ունեցել քննարկումներ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտում արդի հիմնախնդիրների, օտարերկրյա պետություններում քաղաքացիների իրավունքների ապահովման, ՌԴ սուբյեկտներում մարդու իրավունքների հանձնակատարների գործունեության կազմակերպման ընդհանուր սկզբունքներին առնչվող դաշնային օրենքի նախագծի եւ մի շարք այլ հարցերի վերաբերյալ:
Արման Թաթոյանը խորհրդարանական լսումների ժամանակ հանդես է եկել ելույթով, ներկայացրել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի տեսլականը Սահմանադրության, իրավունքի գերակայության եւ Օմբուդսմանի՝ որպես սահմանադրական հաստատության դերի մասին։
Միջոցառմանը մասնակցել են ՌԴ Պետական դումայի մշտական կոմիտեների նախագահներ, Պետական դումայի պատգամավորներ, ՌԴ սուբյեկտների մարդու իրավունքների հանձնակատարներ, գործադիր իշխանության դաշնային մարմինների, մարդու իրավունքների եւ քաղաքացիական հասարակության զարգացման հարցերով ՌԴ նախագահին առընթեր խորհրդի, ՌԴ հանրային պալատի եւ ՌԴ սուբյեկտների պետական իշխանության մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ օտարերկրյա պետությունների օմբուդսմաններ եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։





























