ՀՀ ԱԳՆ-ն ձեռնպահ է մնում ԱԳՆ համակարգում հրաժարականների եւ նշանակումների վերաբերյալ մեկնաբանություններ անելուց։ Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ճեպազրույցում ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը, պատասխանելով սպասվող նշանակումների եւ հրաժարականների վերաբերյալ հարցերին, նշեց, որ դիվանագիտական ծառայությունը կապված է մշտական ռոտացիաների հետ:
«Ինչ վերաբերում է ԶԼՄ-ների հրապարակումներին, ապա քիչ չեն դեպքերը, երբ վկայակոչելով «ԱԳՆ-ին մոտ կանգնած աղբյուրը», հաղորդում են տեղեկատվություն, որն անգամ մեզ է զարմացնում: Մենք ինքներս կուզենայինք ծանոթանալ այդ «աղբյուրին»,- նշեց Աննա Նաղդալյանը:
Դեսպանների նշանակման առնչությամբ նա նաեւ հիշեցրեց, որ դեսպանի թեկնածությունն առաջադրում է ԱԳ նախարարը, հաստատում է վարչապետը, իսկ նշանակում է ՀՀ նախագահը՝ հրամանագրով: «Մինչ այդ մենք չենք կարող որեւէ բան ասել՝ ելնելով կոռեկտության նկատառումներից», - նկատեց մամուլի քարտուղարը:





























