Ինձ վրա չի եղել որեւէ ճնշում քաղաքական որեւէ ուժի կողմից: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը՝ անդրադառնալով իր հրաժարականին:

«Ընդհակառակը, երբ ես տնօրեն էին, ինձ հաջողվում էր շատ, թե քիչ աշխատանքային հարաբերություններ ունենալ բոլոր քաղաքական ուժերի հետ: Ես կարծում եմ, որ լրագրողը եւ քաղաքական գործիչները չեն կարող լինել լավագույն հարաբերությունների մեջ, բայց այդ հարաբերությունները կարող են լինել աշխատանքային: Իհարկե, կային խնդիրներ, բայց այդ խնդիրները լրիվ ուրիշ հարթության մեջ էին»,-ասաց նա:

Միաժամանակ, Մարկ Գրիգորյանը նշեց, որ թեեւ եկել է նախապես պայմանավորված հանդիպմանը, բայց հրաժարվում է պարզաբանումներ ներկայացնելուց: «Խնդրում եմ, դուք էլ հասկանաք, որ իմ վիճակը եւ իմ շուրջը եղած վիճակն այնքան էմոցիոնալ է, որ ուղղակի ճիշտ կլինի այսօր ձեզանից ներողություն խնդրեմ եւ չխոսեմ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ աշխատակիցները պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել նրա հրաժարականի պահանջով: