Պետական ֆինանսավորման անբավարարության պատճառով ցուցադրությունները կազմակերպվում են մասնավոր հովանավորների միջոցների հաշվին: Դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:

Նրա խոսքով՝ 6 ամսում դեռեւս ոչ մեկին ոչ մի հարց չի տվել, քանի որ չգիտեր հարցն ում ուղղել: «Բյուջեից հատկացվող միջոցների անբավարարության պատճառով ստիպված ենք հովանավորներ եւ մեկենասներ որոնել: Պետք է սպասեինք, որ ամեն ինչ հանդարտվեր, եւ հետո միայն իշխանությունների ներկայացուցիչների հետ սկսեինք լուրջ գործնական զրույցը: Ամեն դեպքում, նոր ղեկավարներին պետք է ժամանակ տալ, որ կարողանան իրենց աշխատանքը կազմակերպել»,- նշեց Կոնստանտին Օրբելյանը:

Նա հայտնեց, որ թատրոնը Մշակույթի նախարարություն հայտ է ներկայացրել՝ կապված երեք նոր նախագծերի լրացուցիչ ծախսերի հետ: