Երեւանի ավագանին իր այսօրվա՝ դեկտեմբերի 21-ի որոշմամբ, «ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիա» ՀԿ-ին նվիրաբերվեց 287.92 քմ մակերեսով շինությունը՝ մարզասրահ հիմնելու նպատակով:
Հարցը ներկայացրեց քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչություն պետ Արսեն Ամյանը: Որոշմամբ նախատեսվում է Երեւանի սեփականություն հանդիսացող, Զ.Անդրանիկի փողոցի հ.40/3 հասցեում գտնվող 287.92քմ մակերեսով շինությունը եւ դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 337.28քմ մակերեսով հողամասը նվիրաբերել «Հայաստանի Հանրապետության հաշմանդամային սպորտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված մարզասրահ հիմնելու նպատակով»:
Շենքը նախկինում հանդիսացել է կաթսայատուն, որը սպասարկել է հարակից տարածքում գտնվող շենքերը, սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո արդեն 3-րդ տասնամյակն է, որ չի գործում եւ գտնվում է անբարեկարգ վիճակում: Կաթսայատունը մարզասրահ դարձնելու համար միջազգային կազմակերպության կողմից 80 մլն դրամ ներդրում կարվի: «ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիա» ՀԿ-ն պարտավորվում է 2 տարվա ընթացքում ավարտել վերանորոգման աշխատանքները:
Նաշատեսվում է շինարարությունը սկսելու պահից 2 տարվա ընթացքում ամբողջությամբ ավարտել աշխատանքները, այդ թվում՝ հիմնանորոգումը եւ ներքին հարդարումը:
Տարածքը եւ գույքը պետք է օգտագործվի բացառապես կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված նպատակների եւ խնդիրների իրականացման համար եւ առնվազն 10 տարի գույքը օգտագործել առաջնային որպես հաշմանդամություն ունեցող անձանց համար մարզասրահ:
Այն կգործի անվճար Հայաստանի եւ Արցախի սահմանների անվտանգությունն ապահովելու եւ (կամ) զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց համար:





























