ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը դեկտեմբերի 21-ին հյուրընկալել է պոլսահայ գործարար Տայք Միրիջանյանին:
Հանդիպմանը Տայք Միրիջանյանը պատմել է, որ արդեն մի քանի տարի է երազում է Երեւանում՝ մեկ վայրում հիմնադրել պոլսահայ անվանի նկարիչ Արա Գյուլերի անվան թանգարան, համանուն սրճարան եւ ռեստորան: Նրա գնահատմամբ՝ Հայաստանում այդքան էլ լավ պատկերացում չունեն պոլսահայ համայնքի պատմության ու ներկա գործունեության մասին, եւ մշակութային կենտրոնը կարող է դառնալ կապող օղակ համայնքի եւ հայրենիքի միջեւ:
«Մենք պոլսահայեր ենք, մենք թուրք չենք, բայց, ցավոք, հայրենիքում մեր մասին քիչ բան գիտեն: Մենք ունենք անվանի մեծեր՝ Կոմիտաս, Պալյաններ, Արա Գյուլեր եւ բազմաթիվ այլ հայորդիներ: Նրանց ու այսօրվա պոլսահայերի մասին պետք է իմանան հայրենիքում»,- ասել է Տայք Միրիջանյանը՝ հավելելով, որ համայնքում կան բազմաթիվ խնդիրներ եւ դրանցից մեկն այն է, որ հարյուր հազարանոց համայնքում շատ քչերն են խոսում եւ կարդում մայրենի լեզվով:
Աննա Հակոբյանն էլ, կարեւորելով հայրենիքում նմանատիպ մշակութային կենտրոն ստեղծելու գաղափարը՝ հավաստիացրել է, որ պատրաստ է աջակցել նախաձեռնության իրականացմանը:
«Մեր պարտքը կլինի աջակցել: «Իմ քայլը» հիմնադրամի միջոցով ես կկանգնեմ ձեր կողքին՝ իրականացնելու ձեր գաղափարը»,- եզրափակել է Աննա Հակոբյանը:
Հանդիպման ավարտին Տայք Միրիջանյանը տիկին Հակոբյանին է նվիրել Արա Գյուլերի մասին գրքեր, ֆոտոալբոմներ:





























