Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության օպտիմալացման պատրվակով մարզերում 14 աշխատակցի ազատում են աշխատանքից: Դեկտեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախկին աշխատակից Հովհաննես Սահակյանը:

Նրա խոսքով, «Անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների հանրապետական կենտրոն» տնօրեն Արման Գեւորգյանը պատրաստվում է աշխատանքից ազատել նրանց` նշելով, որ նրանք չեն համապատասխանում մասնագիտական պահանջներին:

«Տվյալ դեպքում սակայն կարելի է խոսել միայն կադրային զտման մասին, ընդ որում որպես պատճառ են նշվում ՍԱՊԾ փորձառու աշխատակիցների համար անթույլատրելի փաստարկներ: Մարդիկ, որոնք պահում են ամբողջ մարզային անասնաբուժությունը եւ առանց որոնց անհնար է պատկերացնել ծառայության աշխատանքը, այսօր ոչ պրոֆեսիոնալ են համարվում», - նշեց նա:

Սահակյանը հավելեց, որ իրենք դիմել են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին եւ ՀՀ պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին, սակայն ոչ մի պատասխան չեն ստացել:

Մեկ այլ ազատվող աշխատակից՝ Արման Գալստյանն իր հերթին ասաց, որ պատրաստվում է մինչեւ վերջ պայքարել պատվի եւ արժանապատվության համար:

«Այսօր ինձ համար առաջնային խնդիր է հեղինակությունը: Օպտիմալացումը կարելի էր նաեւ այլ պատրվակով անել: Նոյեմբերի 5-ին մենք ազատման մասին ծանուցագիր ստացանք, բայց չենք պատրաստվում ստորագրել այն», - ընդգծեց նա:

Կայծեր Հակոբյանը հավելեց, որ մյուս ազատվող աշխատակիցները իրենց ավելի քիչ են ակտիվ պահում, քանի որ մտավախություն ունեն, որ կարող են նաեւ իրենց հարազատներին հեռացնել, որոնք աշխատում են ծառայությունում: