2019 թվականի Երեւանի բյուջեով վերելակային ֆոնդի պահպանման եւ շահագործման ծախսերը նվազել են քանի որ այն մոտ 3 անգամ ուռճացված էր: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:
Նրա խոսքով, կրճատումը ոչ թե վերելակների պահպանման եւ շահագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքների եւ նյութերի հաշվին է, այլ կրճատվել են, որովհետեւ մենք կարծում ենք, որ նույն աշխատանքի ծավալը եւ նյութերը կարելի է ապահովել ավելի քիչ միջոցներով. «Պահպանման ու շահագործման աշխատանքները, պարզ է, որ շատ ավելի էժան կարելի էր ձեռք բերել, քան արվել է: Վերելակային ֆոնդի կրճատման արդյունքում աշխատանքների եւ շահագործման ծավալ չի փոխվել ու չի փոխվելու»,- ընդգծեց փոխքաղաքապետը:
Ինչ վերաբերում է նրան, որ քաղաքապետարանի աշխատակիցների վերապատրաստման համար 159 մլն դրամ է նախատեսվել, նա ասաց. «Երբ մենք պլանավորում ենք 159 մլն վերապատրաստման ֆոնդ, եւ դա ներկայացվում է որպես անգլերենի ուսուցման ծախս, սա այնքան էլ բարեխիղճ չէ: Այդ միջոցները պետք է ծառայեն աշխատակիցների աշխատանքային որակական հատկանիշների բարձրացմանը, դրա մեջ մտնում են առնվազն 22 ոլորտի նեղ մասնագիտական կարողություններ: Այս բոլոր ոլորտներում մենք ուզում ենք ունենալ առաջընթաց: Մենք չենք կարող քաղաքը թողնել այսպես՝ վատ վիճակում: Այն աշխատանքը, որն իրականացվում է այսօր, մեզ չի բավարարում: Մենք կարող ենք մեր դրած բարձր նշաձողին հասնել միայն բարձրակարգ որակավորում ունեցող անձնակազմով»,- հայտնեց Հայկ Սարգսյանը:
Հարցին, թե այսինքն մինչեւ հիմա քաղաքն աշխատել է ոչ պրոֆեսիոնալ ու ոչ բանիմաց աշխատողներո՞վ, նա անարձագանք թողեց՝ նշելով, որ նախորդ տարիներին էլ վերապատրաստման համար նախատեսված են եղել միջոցներ:
Ինչ վերաբերում է քաղաքապետարանի աշխատակիցների պարգեւավճարների ֆոնդի գրեթե կրկնակի ավելացմանը, փոխքաղաքապետը նշեց, որ դրա նպատակն աշխատակիցների մոտիվացիան բարձրացնելն է. «Պարգեւավճարների նպատակը մեր այսօրվա քիչ աշխատավարձերը որոշ չափով բարձրացնելն է: Ինչու չենք անում աշխատավարձի բարձրացման ձեւով, որովհետեւ դա օրենսդրական նորմատիվային գործընթաց է: Բացի այդ, պարգեւատրման ֆոնդն ավելի ճկուն է: Երբ մարդը գիտի, որ բոլոր դեպքերում ամսվա վերջին ստանալու է իր X աշխատավարձը, սա որեւէ մոտիվացման չի ծառայում: Պարգեւատրման ֆոնդը ավելի ճկուն գործիք է մոտիվացման: Մենք ժամանակավոր կիրառում ենք այս գործիքը: Եթե տեսնենք, որ այն չի բերում ցանկալի արդյունքի, այն կվերանայվի, իսկ աշխատավարձը հնարավոր չէ վերանայել»:




























