Երեւանն այսօր տրանսպորտային կոլապսի մեջ է, ժամը 15.00–ից մինչեւ 19.00–ն հնարավոր չէ նույնիսկ մեքենա վարել, եւ այս պայմաններում մենք քննարկում ենք 27 կազմակերպությանն ու անհատներին կայանելու տեղ տալու վերաբերյալ նախագիծ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21–ին, «Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղիների շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին» որոշման նախագծի քննարկման ժամանակ ասաց Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Արման Աբովյանը։
«Փաստարկ են բերում, որ եթե հիմա չտան, անվճար կգան, կկանգնեն, բայց մարդը վճարում է չէ՞ կարմիր գծերի համար, իսկ գծերը եթե չկան, հաստատ կգծեն, հանգիստ եղեք։ Ծիծաղելի գումարներ են վճարում՝ 80 հազար դրամ, 100 հազար դրամ... Օրենսդրական դաշտում պետք է հարցերը կարգավորենք, լուծենք, բուն չարիքը սկսում է կարմիր գծերից։ ոչ թե տրամադրենք կայանատեղին, հետո ասենք՝ կվերանայենք»,– ասաց նա։
Արման Աբովյանն ընդգծեց, որ օրենսդրական լուրջ բաց կա, օրենքը թերի է, իսկ վերահսկման որեւէ մեխանիզմ պետությունը չունի. «Գրված է, թե մինչեւ քանիսը կարելի է մեքենան կայանել, բայց մենք ինչ գիտենք, իրականում մինչեւ քանիսն է մեքենան կանգնած տվյալ վայրում։ Այո, այդ համակարգը մեզ ժառանգություն է մնացել, բայց ես առաջարկում եմ հարցը հանել քննարկումից»։
«Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը նշեց, որ ինքը նույնպես համաձայն է գործընկերների հետ, սակայն, պետք է հաշվի առնել, որ առաջարկը չընդունելու դեպքում քաղաքապետարանը կզրկվի ֆինանսական մեծ հոսքերից. «Որոշ դեպքերում պետք է գնալ, տեղում ծանոթանալ իրավիճակիn. «Ես առաջարկում եմ նախագիծը հանել օրակարգից, եւ առանձին–առանձին քվեարկել»։





























