Երեւանի ավագանին այսօր՝ դեկտեմբերի 21–ին, չհաստատեց «Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղիների շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին» որոշման նախագիծը։

Շուրջ 1 ժամ տեւած քննարկումից հետո նախագծին կողմ քվեարկեց ավագանու 15 անդամ, դեմ էր 16–ը, իսկ 7–ը ձեռնպահ քվեարկեցին։ Նշենք, որ նախագծի քննարկումն անցավ բավականին թեժ մթնոլորտում։ Քաղաքապետ Հայկ Մարությանն անգամ ընդմիջում հայտարարեց՝ հարցն առանց լրատվամիջոցների քննարկելու համար։

Մինչեւ ընդմիջում հայտարարելը Հայկ Մարությանը նշեց, որ այս հարցը պետք է կարգավորվի Ազգային ժողովի մակարդակով, ինչն այս պահին անել հնարավոր չէ։

«Մենք բազմաթիվ խնդիրներ ունենք, որոնք պետք է լուծել Ազգային ժողովի օգնությամբ, համապատասխան օրենքներ ընդունելով եւ փոփոխություններ անելով։ Օրինակ, մենք այսօր կարող ենք քայլել եւ երթեւեկել Երեւանում ու տեսնել՝ որտեղ գծված է դեղին գիծը, որն արգելում է մեքենա կայանել այնտեղ, գրեթե բոլոր դեպքերում այնտեղ մեքենաներ են կանգնած։ ՃՈ–ին առաջարկել եմ՝ հարազատներ ջան, եթե չենք կարողանում տուգանել, քարշակներով հանել մեքենաները, դեղին գծերը եկեք վերացնենք, եթե չէ, ուրեմն քարշակներով հանեք այդ մեքենաները։ Ու այսպիսի այլ խնդիրներ էլ կան, որոնց լուծումը հնարավոր է միայն Ազգային ժողովի միջոցով»,– ասաց Հայկ Մարությանը։