Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը իր խորը մտահոգությունն է հայտնում իշխանությունների կողմից ներկայացված կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին օրենքի նախագծի վերաբերյալ: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի կոմկուսը:
Հայտարարությունում նաեւ ասվում է.
«Չժխտելով օպտիմալացման միջոցով պետական համակարգի կառավարման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը և այդ ապարատում ոչ արդյունավետ աշխատանքի առկայությունը, այնուամենայնիվ ստեղծվում է տպավորություն, որ կառավարությունը այդ խնդիրը փորձում է լուծել մասսայական կրճատումներով:
Այդ կրճատումները չեն հանդիսանում արդյունավետության բարձրացման գրավական, ինչը հղի է ծանր սոցիալական հետևանքներով: Համարելով անթույլատրելի չկշռադատված և խորքային վերլուծության չենթարկված քայլերը, անկախ նրանից թե այդ նախարարություններն ինչպես և ինչքանով են կարողացել լուծել իրենց առջև դրված խնդիրները կոչ ենք անում կառավարությանը վերանայել օրենքի նախագիծը, ցուցաբերելով խոհեմություն և շրջահայացություն չգնալ շոկային թերապիայի ճանապարհով, որն իր կործանարար հետևանքներն է ունեցել Հայաստանում 90- ականների առաջին կեսին:
Ավելի վաղ NEWS.am_ը հայտնել էր, որ կառավարության կառուցվածքի վերաձևավորման արդյունքում ՀՀ նախարարությունների թիվը 17-ից կհասնի 12-ի։ Փոփոխությունների համաձայն` լուծարվելու է սփյուռքի նախարարությունը։ Տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կդառնա կապի ու բարձր տեխնոլոգիաների նախարարություն։ Տնտեսական զարգացման ու ներդրումների և գյուղատնտեսության նախարարությունները կմիավորվեն։ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը կմիանա տարածքային կառավարման ու զարգացման նախարարությանը։ Մշակույթի, սպորտի ու երիտասարդության նախարարությունները կմիավորվեն կրթության և գիտության նախարարությանը։ Որպես առանձին գերատեսչություններ շարունակելու են գործել ֆինանսների, արդարադատության, առողջապահության ու բնապահպանության նախարարությունները։
Նախօրեին բողոքի ակցիա էին իրականացրել Սփյուռքի նախարարության եւ Մշակույթի նախարարության աշխատակիցները:





























