Մեծ Բրիտանիայի աշխատանքի եւ կենսաթոշակների նախարար Էմբեր Ռադը Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերին «ահավոր» է անվանել եւ առաջարկել է նրա դեմ պաշտոնական բողոք ներկայացնել, տեղեկացնում է Sky News-ը։

Ռադը Յունկերի վարքագիծն անվանել է «գրոտեսկային» եւ քննադատել է նրա վերաբերմունքը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հանդեպ Բրյուսելի վերջին գագաթաժողովի ժամանակ։

Մեյը տեսախցիկների տեսադաշտում հայտնված թեժ վեճի ժամանակ առարկել էր Յունկերին այն պատճառով, որ վերջինը բրեքսիթի վերաբերյալ իր տեսակետը «անորոշ» էր անվանել։

Ավելի ուշ Եվրահանձնաժողովի ղեկավարն ասել էր, որ ինքը Մեյի հետ լուծել է իր տարաձայնությունները, եւ Մեծ Բրիտանիայի վարչապետը համբուրել է իրեն գագաթաժողովի ավարտին։

Ռադն իր վերաբերմունը Յունկերի հանդեպ բացատրել է հետեւյալ կերպ. «Նա ահավոր է։ Ավելի վաղ ես լուսանկարներում նկատել եմ, թե ինչպես էր նա բռնել վարչապետին։ Դա ինձ դուր չեկավ»։

Մինչ այդ Եվրահանձնաժողովի ղեկավարի տարօրինակ պահվածքը հայտնվել էր տեսանյութում, երբ նա խճճում էր իր աշխատակցուհիներից մեկի մազերը։