Պետական կառավարման համակարգի կառուցվածքային փոփոխությունները եւ դրանց հնարավոր հետեւանքները չեն կարող վրիպել մեր քաղաքական ուժի ուշադրությունից։ Այս մասին հայտարարություն է տարածել «Օրինաց երկիր» կուսակցությունը:
Հայտարարությունում, մասնվորապես, ասվում է.
«Օրինաց Երկիրը» հավատարիմ լինելով համակարգված եւ կշռադատված լուծումներով, այլ ոչ թե իրավիճակային մոտեցումներով երկիրը կառավարելու իր որդեգրած սկզբունքին, արձանագրում է, որ պետական որոշ մարմինների չհիմնավորված եւ հապճեպ վերակազմավորման կամ լուծարման սպասվող գործընթացը հղի է անխուսափելի վտանգներով։
«Օրինաց Երկիրը» դիտարկելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը իր մտահոգությունն է հայտնում հատկապես Սփյուռքի եւ Մշակույթի նախարարությունների լուծարման եւ դրանք գերատեսչական մարմիններ դարձնելու վերաբերյալ։
Եթե դրանք ժամանակին անփույթ կառավարման պատճառով չեն կարողացել իրենց առջեւ դրված առաքելությունը իրականացնել, դեռեւս չի արդարացնում այն միտքը, որ այդ կառույցները անպայման պետք է լուծարվեն։ Վերջինիս այլընտրանքը մենք համարում ենք կառավարման արդյունավետության բարձրացումը, աշխատանքի ճիշտ գնահատման ուղիների սահմանումը՝ յուրաքանչյուրի ունակություններին եւ կարողություններին համապատասխան։
Կառավարման ոլորտում այս տրամաբանությունը պետք է ելակետ դառնա, այլ ոչ թե խնդրից կամայականորեն հրաժարվելու, դրա լուծումը անտեսելու եւ սոցիալական մարտահրավերներին, արտագաղթին ու գործազրկությանը ընդառաջ նոր աշխատատեղեր կրճատելու գործելաոճը։
Կարծում ենք, որ խիստ հիմնավորված փաստարկներով, առանց ավելորդ շտապողականության եւ հանրության լայն շրջանակների հետ քննարկման պայմաններում է միայն կարելի այս հույժ կարեւոր որոշումները կայացնել։





























