Պետական կառավարման համակարգում աշխատողների աշխատավարձերը վճարում են հարկատուները, եւ նրանք կարող են հույս ունենալ, որ իրենց վճարած միջոցները օգտագործվում են արդյունավետ։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Վանաձորում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ լուծարվող կամ վերակազմակերպվող նախարարությունների աշխատակիցները մտավախություն ունեն, որ գործազուրկ կդառնան:
«Մենք ամեն ընտրությունից հետո ով ում համար, այսպես ասած, 4-5 ձայն է բերել, տարել են մի տեղ, մի հատ պաշտոնի են դրել, եւ պետական կառավարման համակարգը ուռճացել, դարձել է եսիմ ինչ», – ասաց վարչապետի պաշտոնակատարը։
Մյուս կողմից, ըստ Փաշինյանի, իրենք ստեղծում են աշխատատեղեր եւ հնարավորություններ. «Հայաստանում աշխատանք ասելով սովորաբար հասկացել են մի հատ պետական գործ լինի, գնան աշխատեն: Ոչ, մենք հնարավորություն ենք ստեղծում, որ ամեն մարդ իր համար աշխատանք ստեղծի, եթե իրեն արված առաջարկ չկա: Երեւի ԽՍՀՄ-ից հետո առաջին անգամ կառավարությունը միջոցներ է տրամադրում, որպեսզի արվեստի գործիչները գնան դպրոցներ եւ իրենց արվեստը երեխաներին ներկայացնեն: Դրա համար հատկացված է կոնկրետ ֆինանսավորում»:
Փաշինյանը նշեց, որ կրճատումների արդյունքում խնայված միջոցները կուղղվեն աշխատավարձերի բարձրացմանը, որպեսզի կառավարությունը իր աշխատողներից կարողանա պահանջել բարձր որակի աշխատանք։





























