Չարենցավանի N 3 հիմնական դպրոցում դասապրոցեսը վերականգնվել է, դասերը նորմալ հունով են ընթանում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
«Բոլոր բարձրացված մտահոգությունները մանրակրկիտ ստուգվել են հատուկ այդ հարցով կազմավորված հանձնաժողովում, եւ անիմաստ էր այլեւս նման պայքար տանել։ Արդեն կապրիզների դաշտից էր, որ մարդիկ ասում էին` չէ, մենք չենք ուզում նոր տնօրենին, մենք ուզում ենք մեր հին տնօրենին, բայց իրավական երկրում, ժողովրդավարության պարագայում այդպիսի կանխակալ մոտեցումներով կամ ճաշակով չեն առաջնորդվում․ ինստիտուտները պետք է գործեն վերջապես: Դա նաեւ որոշիչ էր այլ դպրոցների համար, որ այլեւս «դաբրոներով», ճնշումներով եւ արտաքին միջամտություններով տնօրեններ չպիտի նշանակվեն, փոխվեն մեր երկրում եւ մասնավորապես Կոտայքի մարզում: Դրա վառ ապացույցը նաեւ վարչապետի քաղաքական քայլն էր` անձամբ գալ դպրոց, բոլոր կողմերի հետ քննարկել, բոլոր կողմերի հետ առերեսվել եւ բոլորին դա բացատրել»,- ասաց Կոտայքի մարզպետը:
Ավելի վաղ NEWS.am-ին հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը եկել էր Չարենցավան՝ հանդիպելու 2 շաբաթից ավելի դասադուլ անող ուսուցիչների, ծնողների, դպրոցի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Կարապետյանի, ընտրված տնօրեն Աննա Բալյանի եւ կառավարման խորհրդի անդամների հետ:
Դպրոց էին եկել նաեւ ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը, Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, մարզպետարանի կրթության վարչության պետի պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանը:
Հիշեցնենք՝ ծնողները պահանջում էին, որ շարունակի պաշտոնավարել նախկին տնօրենը՝ Լուսինե Կարապետյանը:
Դպրոցում խորհրդակցություն էր տեղի ունեցել բոլոր կողմերի մասնակցությամբ: Ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Կարապետյանը հայտնել էր, որ մյուս թեկնածուի կողմից խորհրդի անդամների հանդեպ ուղղորդում է եղել՝ ճնշումներ: Նույնը պնդել էր նաեւ ընտրված տնօրեն Աննա Բալյանը:
Խորհրդի անդամներից մեկն էլ հայտնել էր, որ իսկապես իրեն ճնշել են, անգամ սպառնալիքներ հնչեցրել:
Վարչապետը, լսելով կողմերին, նշել էր, որ իրավական առումով որեւէ բան փոխել չեն կարող, ուստի Կոտայքի մարզպետը պետք է նշանակի Աննա Բալյանին: Փաշինյանը նաեւ իրավապահ մարմիններից պահանջել էր քննել եւ հասկանալ՝ իսկապես եղե՞լ են ճնշումներ խորհրդի անդամների վրա: Փաշինյանի որոշումը ներկաներին չէր գոհացրել եւ նրանք որոշել էին շարունակել պայքարը:





























