Գվատեմալայից ութամյա միգրանտ տղան մահացել է սահմանապահների կողմից կալանավորվելուց հետո՝ հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ մաքսային եւ սահմանապահ ծառայությունները։ Սա արդեն միգրանտ երեխայի մահվան երկրորդ դեպքն է ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանին։

Տղան եւ նրա հայրը դեկտեմբերի 24-ին կալանավորված են եղել, երբ սահմանապահ պարեկության գործակալը նկատել է, որ երեխան հիվանդ տեսք ունի։ Հորն ու որդուն տարել են Ջերալդ Չեմպիոնի անվան բուժկենտրոն, որը Նյու Մեքսիկո նահանգի Ալամոգորդո քաղաքում է։ Տղային ախտորոշել են մրսածություն եւ տենդ։ Նրան դուրս են գրել, սակայն երեկոյան երեխայի վիճակը վատացել է, եւ նրան նորից հիվանդանոց են տեղափոխել, որտեղ շուտով մահացել է։ Մահվան պաշտոնական պատճատը հայտնի չէ։

Ավելի վաղ դեկտեմբերին սահմանին կալանավորումից հետո մահացել էր դարձյալ Գվատեմալայից 7-ամյա Ջեյքլին Կաալը։