Ավստրալացի Թրեւիս Փաուերը Բրումայի ափին խորհրդավոր ծովային արարած է հայտնաբերել, որը տասնյակ շոշափուկներ ուներ եւ ահռելի չափի բերան, հայտնում է Daily Express-ը:

«Հաշվի առնելով, որ նա չէր շարժվում, որոշեցի որ սատկած է, իսկ նրա վառ գունավորումը ցույց էր տալիս նրա թունավոր լինելը: Բայց ես չգիտեի, թե սա ինչ հրեշ է, եւ դիմեցի ծովային կենսաբաններին խորհրդակցելու»,- ասել է Փաուերը:

Տղամարդու փոխանցմամբ՝ բոլոր գիտնականները միակարծիք էին, որ սա ծովային անեմոնի տեսակ է, բայց կոնկրետ ինչպիսի՝ անհայտ էր:

Ավստրալիայի արգելոցների եւ վայրի բնության պահպանության ծառայության ներկայացուցիչները հայտնել են, որ ծովային անեմոնները քողարկված գիշատիչներ են, եւ ծաղկի նմանվող նրանց գրավիչ շոշափուկները չարամիտ նպատակ ունեն: Այս ալիքաձեւ այրող ճյուղերի վրա ընկնող ձկները, խխունջները կամ ծովախեցգետինները արագ կաթվածահարվում են, ապա բռնվում կենտրոնական բերանով եւ մարսվում խողովակաձեւ մարմնում:

Արեւմտյան Ավստրալիայի գիշատիչ անեմոնները կարող են վտանգավոր լինել նաեւ մարդկանց համար, քանի որ դրանց խայթոցը շատ ցավոտ է եւ մի քանի ամսում է ապաքինվում: Անեմոնները սովորաբար ամրանում են ժայռերին եւ ստորջրյա կառույցներին: Որոշ տեսակների 100 տարուց ավելի են ապրում: