Կենսագիր Մայքլ Բեշլոսսը իր Twitter-ում տեղադրել է ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդու նամակը՝ ուղղված Միշել անունով մի փոքրիկ աղջկա, որում նա հանգստացնում է նրան ԽՍՀՄ–ի կողմից Ձմեռ Պապին սպառնացող վտանգի պատճառով, հաղորդում է РИА Новости-ն։
«Թանկագին Միշել, ուրախ եմ ստանալ քո նամակը՝ Հյուսիսային Բեւեռի՝ ռուսների կողմից ռմբակոծումն անհապաղ կանխելու մասին, որը սպառնում է Սանտա Կլաուսի կյանքին:
Ես կիսում եմ քո անհանգստությունը Խորհրդային Միության կողմից մթնոլորտային փորձարկումների շուրջ, ոչ միայն Հյուսիսային Բեւեռի նկատմամբ, այլեւ ողջ աշխարհի, ոչ միայն Ձմեռ պապի, այլեւ բոլոր մարդկանց համար:
Ամեն դեպքում, Ձմեռ Պապի մասին անհանգստանալու կարիք չկա: Ես երեկ խոսել եմ նրա հետ, եւ նա հրաշալի է իրեն զգում: Նա այս Սուրբ Ծնունդին կրկին կթռչի ամբողջ աշխարհով մեկ», - վստահեցրել է աղջկան նախագահը:
Նամակը թվագրված է 1961 թվականի հոկտեմբերի 19-ին, երբ երկու միջուկային գերտերությունների միջեւ հարաբերությունները ծանր ժամանակահատված էին ապրում:





























