Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն   Ռաֆիկ Մանսուրին:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ քաղաքապետը նշել է, որ հայ-ամերիկյան հարաբերությունների բարձր մակարդակն իր արտացոլումն է գտնում նաեւ երկու երկրների քաղաքների միջեւ ակտիվ համագործակցության մեջ: Քաղաքապետը նշել է Երեւանի առաջնահերթությունները՝ տրանսպորտ, աղբահանություն, բնապահպանություն, եւ հույս հայտնել, որ ամերիկյան քաղաքների հետ այս ոլորտներում  փորձի փոխանակման առիթներ կլինեն:

Գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրն իր հերթին շնորհավորել է քաղաքապետին եւ նրա թիմին՝ ընտրությունների ընթացքում տարած տպավորիչ հաղթանակի եւ քաղաքի կառավարումն ստանձնելու կապակցությամբ: Ամերիկացի դիվանագետը նշել է, որ Հայաստանի եւ ԱՄՆ բարեկամությունը շատ երկար պատմություն ունի, եւ գոհունակությամբ նշել է, որ այժմ էլ երկու երկրների միջեւ բաց երկխոսություն է ընթանում:

Զրուցակիցները համաձայնել են շարունակել փոխշփումները համայնքի եւ դեսպանության միջեւ: