Հունվարի 1-ից ԵՄ Խորհրդում Ռումինիայի առաջիկա 6-ամսյա նախագահության նախաշեմին Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը կասկած է հայտնել Եվրամիությունը ղեկավարելու այս երկրի իշխանությունների ունակության վերաբերյալ, փոխանցում է DW-ն:
«Կարծում եմ, որ Ռումինիայի կառավարությունը դեռեւս ամբողջությամբ չի գիտակցում, թե ինչ է նշանակում ԵՄ երկրներին ղեկավարելը»,- հայտարարել է Յունկերը:
Ընդունելով, որ Ռումինիան Եվրամիության նախագահությանը «տեխնիկապես լավ է պատրաստված», նա նշել է, որ «շրջահայաց գործողությունների» համար Բուխարեստից պահանջվում է մյուսներին լսելու ունակություն եւ սեփական շահերը մյուսների շահերին ստորադասելու հաստատուն պատրաստակամություն: «Եվ այս հարցում ես որոշակի կասկածներ ունեմ»,- հավելել է Եվրահանձնաժողովի ղեկավարը:
2018 թվականի հուլիսից ԵՄ Խորհուրդը ղեկավարում էր Ավստրիան՝ ռոտացիոն կարգով փոխարինելով Բուլղարիային: 2019 թվականի երկրորդ կեսին կնախագահի Ֆինլանդիան, իսկ նրանից հետո Խորվաթիան եւ Գերմանիան (2020 թվականին):





























