ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում չի ընդունել Աֆղանստանում ԱՄՆ ռազմական ներկայության կրճատման մասին եւ Պենտագոնին համապատասխան հրաման չի տվել: Այսպիսի պնդմամբ է հանդես եկել Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության ղեկավար Գարեթ Մարքին:

«Նախագահը որոշում չի ընդունել Աֆղանստանում ԱՄՆ ռազմական ներկայության կրճատման մասին եւ ԱՄՆ պաշտպանության նախարարությանը չի հանձնարարել սկսել Աֆղանստանից անձնակազմի դուրսբերումը»,- ասել է նա Bloomberg գործակալությանը:

Անցյալ շաբաթ The Wall Street Journal պարբերականը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնին հրամայել է պատրաստել Աֆղանստանից մոտ 7 հազար ամերիկացի զինվորականների դուրսբերման ծրագիրը: Խոսքը երկրում ամերիկյան 14-հազարանոց զորակազմի գրեթե կեսի մասին է: