Վաշինգտոնը Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագրի կատարումը փետրվարի 2-ին կդադարեցնի։ Այս մասին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր գրասենյակում տված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի սպատազինությունների եւ միջազգային անվտանգության վերահսկողության հարցերով տեղակալ Անդրեա Թոմսոնը՝ հայտնում է DW-ն։

ԱՄՆ-ը Մոսկվային մեղադրում է այն բանում, որ նրա 9М729 հրթիռը խախտում է ՄՓՀՀ պայմանագիրը։ «Խախտումները չպետք է անհետեւանք մնան։ Ինչպես ասել եմ ռուսաստանցի զրուցակիցներիս, Ռուսաստանն ընտրություն ունի՝ կա՛մ թողնել պայմանագիրը խախտող իր հրթիռային համակարգը, կա՛մ պահպանել պայմանագիրը։ Ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը միասին անհանար է»,- հայտնել է Թոմսոնը։

Դեկտեմբերի սկզբին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Ռուսաստանին 60 օր էր տվել, որպեսզի վերադառնա ՄՓՀՀՊ-ի կատարմանը։ Այդ ժամկետը լրանում է փետրվարի 2-ին։ Թոմսոնը հաստատել է, որ այդ օրը Վաշինգտոնը կդադարեցնի պայմանագրով իր պարտավորությունների կատարումը։

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչիսոնը հստակեցրել է, որ փետրվարի 2-ին սկսվում է վեցամսյա ժամկետը, որի ընթացքում իր երկիրը կմնա ՄՓՀՀ պայմանագրի կողմ։ ԱՄՆ-ը պայմանագրից դուրս կգա այդ ժամկետի լրանալուց հետո։ «Ռուսաստանը դեռեւս վեց ամիս ունի, մչնչեւ դուրս գալը (ԱՄՆ-ի) վերջնական լինի։ Սա պայմանագիրը պահպանելու Ռուսաստանի վերջին հնարավորությունն է»,- հայտարարել է Հաթչիսոնը։