Ծրագրի շրջանակում անցկացված աշխատանքները ամբողջությամբ համապատասխանել են Հայաստանի ռազմավարական նպատակներին: Հունվարի 25-ին Երեւանում ԵՄ ֆինանսավորմամբ տարերային աղետների վտանգների նվազեցման ծրագրի արդյունքների ամփոփման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի արտակարգ իրավիճակների փոխնախարար Արմեն Հարությունյանը:

Նրա խոսքով՝ սա այս ծրագրի լիարժեք իրականացման համար մոտիվացնող գործոն է: «Այս տարիներին կատարվել են տարերային աղետների սպառնալիքների եւ վտանգների նվազեցմանն ուղղված աշխատանքներ, ինչպես նաեւ տարերային աղետների եւ արտակարգ իրավիճակների դեպքում արձագանքման արդյունավետության բարձրացում»,- պարզաբանեց Հարությունյանը:

Պաշտոնյան նշեց, որ մարզերում եւս զգալի աշխատանքներ են կատարվել, հատկապես երեխաների եւ տարբեր կրթական հաստատությունների դասավանդող անձնակազմի գիտելիքների բարձրացման հարցում իրազեկվածության իմաստով՝ կապված արտակարգ իրավիճակներ ծագելու դեպքում նրանց վարքագծի հետ: