ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մինչ օրս որեւէ դատավորի չի մակագրել փաստաբան Արսեն Մկրտչյանի կողմից կալանքի հարցով դեռեւս մեկ ամիս առաջ ներկայացված վերաքննիչ բողոքը։
Խոսքը խարդախություն կատարելու մեջ մեղադրվող Կարեն Այվազյանին կալանավորելու գործով ներկայացված բողոքի մասին է։
Այվազյանը կալանավորվել է 2018թ. դեկտեմբերի 23–ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ:
NEWS.am–ի հետ զրույցում Արսեն Մկրչյանն ասաց, որ վերաքննիչ բողոք է ներկայացրել դեռեւս հունվարի 28–ին, սակայն այս պահի դրությամբ՝ գործը որեւէ դատավորի չի մակագրվել։
Նա նշեց, որ դատարանը կոպտորեն խախտել է օրենքով նախատեսված ժամկետը՝ անտեսելով այն հանգամանքը, որ բողոք ներկայացրած անձը պահվում է անազատության մեջ։
Նշենք, որ քրեական դատավարության օրենսգրքի 288–րդ հոդվածի 2–րդ մասի համաձայն՝ կալանավորելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու օրինականությունը եւ հիմնավորվածությունը դատարանը ստուգում է ընտրված խափանման միջոցի օրինականությունը եւ հիմնավորվածությունը հաստատող նյութերը ստանալու օրվանից` երեք օրվա ընթացքում:
Ըստ Մկրտչյանի՝ այս կերպ Վերաքննիչ քրեական դատարանը խախտել է Եվրոպական կոնվենցիայով եւ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված անձի օրինական իրավունքները։
«Իմ կարծիքով սա պայմանվորված է ոչ թե դատարանների թվայնացմանն անցնելով, այլ բացարձակ սաբոտաժի հետ, քանի որ արդար դատաքննություն իրականացնելու օրենքով սահմանված ողջամիտ ժամկետը 10 անգամ գերազանցվել է»,–ասաց նա։




























