Դեռեւս հունվարի 24-ին Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում գտնվող երկաթգծի մոտակայքում բռնկված հրդեհը դեռ չի հաջողվել մարել:

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր՝ հունվարի 26-ին, ժամը 09:06-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 09:04-ին Վահագնաձոր գյուղի մոտակա անտառածածկ տարածքում հերթապահություն իրականացնող հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը վերադարձել է:

Ժամը 08:10-ից հերթապահություն են իրականացնում «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Եղեգնուտի անտառտնտեսության» մասնաճյուղի աշխատակիցները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 24-ին, ժամը 18:32-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում գտնվող երկաթգծի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել էր, որ հրդեհը տարածվել է մոտակա անտառային հատված, այրվում է մոտ 6 հա խոտածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 19 հրշեջ-փրկարար, «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության 15, «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության 12 և ոստիկանության 30 աշխատակից, Վահագնաձոր գյուղի բնակիչներ:

Դեպքի վայր են մեկնել Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը և Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:

Արդեն հունվարի 25-ին, հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 34 փրկարար ծառայող (14 հրշեջ-փրկարար, 20 փրկարար) և անտառտնտեսության 15 աշխատակից: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:30-ին, մարվել՝ 18:00-ին:

Փրկարարներն իրականացնում են հերթապահություն:

Լոռու մարզում անտառային հրդեհ է բռնկվել (վիդեո)