Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կալանավորված գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը իմ փեսան է, նա յուրացում չի կատարել, պարտք է վերցրել՝ վերադարձնելու նպատակով։  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ներքին գործերի նախկին նախարար, գեներալ-մայոր Կառլոս Ղազարյանը՝ անդրադառնալով Հայաստանի երիտասարդական հիմնադրամի տնօրենին առաջադրված մեղադրանքին։

«Ինքը իր անունով պարտք է ձեւակերպել, որ վերադարձնի, հայրական սեփական տունը հողամասերը արդեն պատրաստ է, որ վաճառի, գումարը փակի։ Ինչ փողի լվացման մասին է խոսքը, իմ աղջիկը ծանր հիվանդ է, տարին 2 անգամ Ֆրանսիա է գնում բուժման համար, ինքը այդ գումարը վերցրել է՝ կնոջ կյանքը փրկելու համար»,–ասաց Կառլոս Ղազարյանը։

Կառլոս Ղազարյանը նշեց, որ իր փեսան շատ կրթված եւ համեստ է, չէր կարող յուրացում կատարել, քննությունը բոլոր հարցերի պատասխանը կտա. «Եթե գողանալու նպատակ ունենար, իր անունով չէր ձեւակերպի, ամեն ինչ հաշվապահությունում կա, իր անունով է ձեւակերպել, ինքը չի էլ թաքցրել դա»։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի գործադիր տնօրենին՝ Ա.Տ.Հ.-ին, մեղադրանք է առաջադրվել` առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում և առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2018թ. մայիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի դիմումն առ այն, որ ապրիլի 6-ին Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326.000.000 ՀՀ դրամի փոխառության պայմանագիր: Դիմումի հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախապատրաստվել էին նյութեր, որոնց արդյունքներով հարուցվել էր քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Հունվարի 25-ին դատարանը բավարարել էր քննիչի միջնորդությունը՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ: