ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մեղադրյալ Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքները։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

«Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,-ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, այսօր՝ հունվարի 26-ին, առավոտյան մահացել է 44 օր հացադուլ հայտարարած կալանավոր Մհեր Երամիշի Եղիազարյանը: Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնել են, որ ժամը 06:15-ի սահմաններում, կալանավորված անձ 51-ամյա Մհեր Եղիազարյանի (մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հ․ 2-րդ եւ 3-րդ մասերով, 38-34-312 հ․ 2-րդ եւ 3-րդ մասերով), ինքնազգացողության կտրուկ վատթարացման կապակցությամբ հրավիրվել է շտապօգնություն, որի  կողմից ժամը 06։35-ի սահմաններում արձանագրվել է կալանավորված անձի կենսաբանական մահը։

Փաստի կապակցությամբ կատարվում է նախաքննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ բացահայտվել է կաշառք տալու պատրվակով, առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք:

Մասնավորապես` պարզվել է, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը, խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2014թ. փետրվարից մինչեւ 2018թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, անձամբ, կամ միջնորդների միջոցով, չարաշահելով ՀՀ մի շարք քաղաքացիների, այդ թվում առանձին զինծառայողների վստահությունը, ծառայության կամ աշխատանքի տեղավորելու, ծառայողական առաջխաղացման, կամ այլ տարաբնույթ հարցեր լուծելու համար, կաշառք տալու պատրվակով նրանցից պահանջել, ստացել եւ առանց որեւէ գործողություն կատարելու խարդախությամբ հափշտակել է 180 հազար դրամից մինչեւ առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 մլն 775 հազար ՀՀ դրամ: