Հունվարի 26-ին անհայտ անձը քարով հարվածել է Երևանի մետրոպոլիտենի գնացքին, կոտրել ապակին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը` նշելով, որ տուժածներ չկան։

«Դեպքը տեղի է ունեցել 18:00-ից 18:10-ն ընկած ժամանակահատվածում «Սասունցի Դավիթ» կայարանից «Զորավար Անդրանիկ» տանող կայարանի ճանապարհային բացօթյա հատվածում: Գնացքի կարգավարը դեպքի մասին տեղեկացրել է Ոստիկանությանը: Գործն այժմ Ոստիկանության տիրույթում է: Ցավոք, այդ հատվածում տեսախցիկները չկան եւ չի ֆիքսվել, թե ով է հարվածել։ Հարվածողը քարը նետել է փողոցից, չի գտնվել մետրոյի տարածքում»,- ասաց նա:

Տաթեւ Խաչատրյանի խոսքով՝ կոտրված ապակին թափվել է գնացքի մեջ, որտեղ մի կին է եղել իր երեխայի հետ։

«Մայրը վախեցել էր, սակայն որեւէ վնասվածք նրանք չեն ստացել»,– հավելեց մամուլի խոսնակը։

Տաթեւ Խաչատրյանի խոսքով՝ գնացքը տեղափոխվել է հավաքակայան, նորոգվել է եւ այժմ աշխատում է։