Հորը սպանելու մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերից ավագը Բազմաֆունկցիոնալ կենտրոն (ԲՖԿ) է ներկայացրել իր բնակության վայրի վերագրանցման վերաբերյալ փաստաթղթեր։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է նրա փաստաբան Ալեքսեյ Լիպցերը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քրիստինե Խաչատուրյանի տատիկը դատական ​​հայց էր ներկայացրել, որտեղ նա խնդրել էր իր թոռնուհուն հանել իր տան գրանցումից։ Նիստը նշանակվածէ Բուտիրսկի դատարանում, փետրվարի 5-ին: 2018–ի աշնանը, դատարանի որոշմամբ, տատիկն արդեն այդ բնակարանից դուրս էր գրել աղջկա մորը եւ նրա ավագ որդուն:

 «Մենք դիմել ենք ԲՖԿ-ին՝ Քրիստինեին Սոլնցեւոյում վերագրանցելու համար, որտեղ նա ապրում է ներկա պահին: Բուտիրսկի դատարան ներկայացված տատիկի հայցը՝ ընդդեմ իր թոռնուհու, արագացրեց այդ գործընթացը», - ասել է պաշտպանը:

Նրա խոսքերով, եթե բնակության վայրում վերագրանցումը տեղի ունենա նախքան դատարանում Խաչատուրյան քույրերի տատիկի հայցի քննումը, «հայցադիմումի վերաբերյալ վարույթը կկարճվի»:

Խաչատուրյան քույրերը մեղադրվում են իրենց հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ: Նրա մարմինը բազմաթիվ սուր կտրող-ծակող վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 27-ին, Մոսկվայի Ալտուֆեվսկի մայրուղու վրա գտնվող տանը: Հարցաքննության ընթացքում աղջիկները խոստովանել են իրենց մեղքը եւ բացատրել, որ իրենց հոր հետ թշնամական հարաբերությունների մեջ են եղել, քանի որ նա երկար ժամանակ բարոյական տառապանքներ է իրենց պատճառել։

2018 թ. օգոստոսի 2-ին Մոսկվայի Օստանկինոյի դատարանը ձերբակալեց նրանց, իսկ սեպտեմբերի 27-ին Բասմանի դատարանը փոխեց նրանց խափանման միջոցը որոշակի գործողությունների արգելքով, աղջիկներն ազատ արձակվեցին դատական ​​նիստի դահլիճից: Ինչպես դատարանն է պարզել, քույրերը պետք է ապրեն երկու վարձակալված եւ մեկ քաղաքային բնակարանում՝ մայրաքաղաքի տարածքում: