Հայտնի իսպանացի թմրաբարոն Խոսե Ռամոն Պրադո Բուգալյոն, որն ավելի շատ հայտնի է որպես Սիտո Մինյանկո, փողերի լվացման համար 4 տարվա ազատազրկման եւ 6 մլն եվրո տուգանքի է դատապարտվել: Այս մասին նշվում է Պոնտեվեդրայի (Գալիսիա ինքնավար համայնք) նահանգային դատարանի որոշման մեջ, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Սիտո Մինյանկոյի կենսագրությունը ընկած է Fariña (գալիսիերեն ալյուր), գրքի, ինչպես նաեւ նույնանուն սերիալի հիմքում, որը թողարկվել էր անցյալ տարի: Սերիալում ներկայացվում է 1980-ականներին Լատինական Ամերիկայից դեպի Եվրոպա կոկաինի մաքսանենգության պատմությունը:
Դատարանը նույն ժամկետով դատապարտել է նաեւ Սիտոյի առաջին կնոջը, նրա աղջկան, նախկին քենուն եւ գործարարին, որին նա վստահում էր: Բացի այդ, դատարանը որոշել է վերջնականապես փակել անշարժ գույքի վարձակալության եւ վաճառքի Inmobiliaria San Saturnino ընկերությունը, որի միջոցով փողերի լվացում է կատարվել, բռնագրավել թմրամիջոցների վաճառքի միջոցով գնված ողջ գույքը:
Դատախազությունը պահանջել էր Մինյանկոյին 6 տարվա ազատազրկման եւ 10 մլն եվրո տուգանքի դատապարտել:
Մինյանկոն ներգրավված է նաեւ այլ գործում, որը կապված է կոկաինի մաքսանենգության հետ: Անցյալ տարվա փետրվարին նա կալանավորվել էր Ալխեսիրասում: Այդ ժամանակ Գալիսիայում, Ալխեսիրասում, Մալագայում եւ Մադրիդում անցկացված ոստիկանական գործողության ընթացքում մոտ 40 մարդ էր կալանավորվել, այդ թվում թմրաբարոնի դուստրը: Փոխհրաձգության ընթացքում երկու իրավապահ վիրավորվել էր: Քիչ հետո Մինյանկոյին մինչեւ դատական նիստը ազատ էին արձակել:




























