Թուրքիայի տարածաշրջանային հավակնությունները, Միացյալ Նահանգների հանդեպ անվստահությունը եւ թուրքական առաջնորդների աճող ավտորիտարիզմը բարդացնում են երկկողմ հարաբերությունները եւ Անկարային ստիպում են ավելի մեծ պատրաստակամությամբ մարտահրավեր նետել տարածաշրջանում ԱՄՆ նպատակներին։ Այս մասին, Սենատի հետախուզական հանձնաժողովին ներկայացնելով գլոբալ սպառնալիքների մասին իր զեկույցը, հայտարարել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութսը։
«Թուրքիան կշարունակի որպես մեծ սպառնալիք դիտարկել «Քրդական աշխատավորական կուսակցությանը», այդ թվում՝ Սիրիայում քուրդ զինյալներին, եւ իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ով, թուրքական առաջնորդների կարծիքով, պատասխանատվություն է կրում 2016թ․ չհաջողված հեղաշրջման համար»,- ասել է Քոութսը։





























