ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի թվիթերյան էջի փոխանցմամբ՝ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների և մարդասիրական հարցերով գլխավոր հանձնաժողովի նախագահ Մարգրեթ Քիներն անհանգստություն է հայտնել 44-օրյա հացադուլի պատճառով բանտում մահացած Մհեր Եղիազարյանի դեպքի կապակցությամբ ու նշել, որ այս հարցով դիմել է Հայաստանի ՄԻՊ-ին:
Նա նաև նշել է, որ այս գործի հետաքննության վերաբերյալ հետագա տեղեկատվությունը շատ կարևոր է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մհեր Եղիազարյանը 44 օր եղել է հացադուլի մեջ, որը դադարեցրել է հունվարի 17-ին: Հունվարի 26-ին ժամը 06: 15-ին արձանագրվել էր 51-ամյա Եղիազարյանի առողջական վիճակի վատթարացում: Հրավիրված շտապօգնության խումբը արձանագրել էր տղամարդու կենսաբանական մահը:
Մհեր Եղիազարյանը ձերբակալվել էր դեկտեմբերին: ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը, խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2014թ. փետրվարից մինչեւ 2018թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, անձամբ, կամ միջնորդների միջոցով, չարաշահելով ՀՀ մի շարք քաղաքացիների, այդ թվում առանձին զինծառայողների վստահությունը, ծառայության կամ աշխատանքի տեղավորելու, ծառայողական առաջխաղացման, կամ այլ տարաբնույթ հարցեր լուծելու համար, կաշառք տալու պատրվակով նրանցից պահանջել, ստացել եւ առանց որեւէ գործողություն կատարելու խարդախությամբ հափշտակել է 180 հազար դրամից մինչեւ առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 մլն 775 հազար ՀՀ դրամ:





























