Անցյալ տարին կարեւոր էր Չինաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացման տեսակետից։ Այս մասին հունվարի 31-ին չինական Նոր տարվա կապակցությամբ ընդունելությանը հայտարարեց Հայաստանում Չինաստանի դեսպան Տյան Էրլունը։ Նրա խոսքերով, 2018թ․ երկու երկրների միջեւ հարաբերությունները մտել են մի փուլ, երբ համագործակցությունը գործնականում ներառում է բոլոր ոլորտները։ «Անցյալ տարի գրանցվել է ռեկորդային ապրանքաշրջանառություն՝ 11 ամսվա ընթացքում 700 միլիոն դոլարի չափով»,- նշեց դեսպանը՝ հավելելով, որ չինական կողմը ակնկալում է հետագա աճ։

Տյան Էրլունն ընդգծեց, որ աճել է տարբեր ոլորտների պաշտոնյաների այցերի թիվը, ինչպես նաեւ՝ ակտիվացել են մշակութային կապերը։ Ավելին, Հայաստան են ժամանել 10 հազար չինացի զբոսաշրջիկներ։ Ամփոփելով իր խոսքը՝ դեսպանը նշեց, որ եկող խոզի տարին չինացիների համար բարգավաճման խորհրդանիշ է եւ Հայաստանին եւս ցանկացավ կայունություն ու բարգավաճում։