ԱՄԷ-ն հավաստիացրել է, որ «բարեկամական երկրները» կամ ամերիկյան քաղաքացիները չեն հանդիսացել կիբեռլրտեսության ծրագրի թիրախը, որը, համաձայն Ռոյթըրսի տեղեկության, մշակվել է ԱՄՆ հատուկ ծառայության նախկին աշխատակիցների օգնությամբ։

Ռոյթըրսի հետաքննությունը ցույց է տվել, որ ԱՄԷ-ն օգտագործել է ամերիկյան հետախույզների մի խումբ՝ կոտրելու համար մրցակցող կառավարությունների, այլախոհների եւ իրավապաշտպանների iPhone սմարթֆոնները։ ԱՄՆ հետախուզության նախկին աշխատակիցները կազմել են ԱՄԷ կիբեռհաքերային ծրագրի հիմնական մասը՝ Project Raven անվանմամբ։

Project Raven նախատեսված է եղել նաեւ ամերիկացիների ու Ֆրանսիայի, Ավստրալիայի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանությունների աշխատակիցների համար, գրում է Ռոյթըրսը։

Երբ Նյու Յորքում, ճեպազրույցի ժամանակ, լրագրողները հարցրին Project Raven-ի մասին, ԱՄԷ արտգործնախարար Անվար Գարգաշը խոստովանեց, որ երկիրն ունի «կիբեռհնարավորություններ», բայց ժխտեց, որ դրանց թիրախը ԱՄՆ քաղաքացիներն են կամ այն երկրները, որոնց հետ ԱՄԷ-ն լավ հարաբերություններ ունի։ «Մենք չենք գործում բարեկամական երկրների եւ ամերիկյան քաղաքացիների դեմ»։