Վերջապես գերմանական խորհրդարանը պատժել է քրիստոնեա-դեմոկրատական միության պատգամավոր Կարին Շտրենցին ադրբեջանական եւ տասից ավելի եվրոպական քաղաքական գործիչների հետ միասին կոռուպցիոն սկանդալում դերակատարում ունենալու համար: Այդ մասին գրում է Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպության տնօրեն Հյու Ուիլյամսոնը: «Լավ է ուշ, քան երբեք»,-այդպես է նա սկսել իր հոդվածը Շտրենցի մասին, որը հայտնի է որպես Ադրբեջանի պաշտպան 2009 թվականից ի վեր :
«2017 թվականին վերջապես պարզ դարձավ՝ ինչու. նա Եվրոպական խորհրդի խորհրդարանական ասամբլեայի անդամներից մեկն էր, որը 2012-2014 թվականներին Ադրբեջանից գումար եւ նվերներ էր ստացել: Այդ ժամանակաշրջանում ԵԽԽԱ-ն քվեարկել էր Ադրբեջանում քաղբանտարկյալների հիմնական բանաձեւերի դեմ»,-գրում է Ուիլյամսոնը: Ըստ հեղինակի՝ Բունդեսթագը, հնարավոր է, չափազանց դանդաղ էր գործում Շտրենցի դեմ, սակայն նա ավելի արագ էր որոշում կայացնում, քան ցանկացած այլ ազգային խորհրդարան: Շտրենցն իր հայրենիքում քաղաքական հետեւանքներին հանդիպած առաջին խորհրդարանականն է, որը գումար է վերցրել Ադրբեջանից: «Դա ամենացնցող ասպեկտն է: ԵԽԽԱ-ն արգելել է 16 նախկին անդամներին գտնվել Ստրասբուրգում ասամբլեայի ընթացքում, սակայն շատ բան տեղի չի ունեցել՝ չնայած քաղաքական գործիչների ապացուցելի գործողություններին, որոնք հեղինակազրկել են Եվրոպական Խորհրդին որպես մարդու իրավունքների հարցերով եվրապական առաջատար մարմին: Հուսանք, որ սկանդալի հետեւանքով տուժած Իսպանիայի, Բելգիայի եւ այլ երկրների խորհրդարանների քաղաքական գործիչներն արագորեն կհետեւեն Բունդեսթագի օրինակին: Խոսքը վերաբերում է Ադրբեջանում եւ ողջ Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանությանը»,-ամփոփել է նա:
Հիշեցնենք, որ Կարին Շտրենցը Բունդեսթագում նկատողություն էր ստացել (https://news.am/rus/news/491541.html ) պատգամավորական նորմերը խախտելու համար: Պատգամավորին տուգանք է սպառնում 60 հազար եվրոյի չափով: Որոշ խորհրդարանականներ պահանջել են զրկել Շտրենցին մանդատից:





























