ՆԱՏՕ Մակեդոնիայի մուտքի մասին արձանագրության ստորագրումը նախատեսվում է փետրվարի 6-ին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով դաշինքի հաղորդագրությունը:

«Չորեքշաբթի, փետրվարի 6-ին, Հյուսիսատլանտյան դաշինքի 29 անդամների մշտական ​​ներկայացուցիչները կստորագրեն Սկոպյեին միանալու մասին արձանագրությունը», - հաղորդել է դաշինքը:

Արարողությունը տեղի կունենա Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Նիկոլա Դիմիտրովի ներկայությամբ:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Մակեդոնիան դառնալու է ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ միայն այն բանից հետո, երբ բոլոր դաշնակիցները կվավերացնեն արձանագրությունը, սակայն մինչ այդ երկիրը մասնակցելու է նիստերին՝ հրավիրյալի կարգավիճակով։

Հունաստանը եւ Մակեդոնիան համաձայնագիր են ստորագրել 2018 թվականի հունիսի 17-ին, որը լուծում է անվան շուրջ երկարատեւ վեճը եւ Սկոպյեի համար  բացում դեպի ՆԱՏՕ եւ ԵՄ ճանապարհը, սակայն այն քննադատվում է ինչպես Հունաստանում, այնպես էլ բուն Մակեդոնիայում, որն այսուհետ կոչվելու է Հյուսիսային Մակեդոնիա: Հունվարի 11-ին նախկին հարավսլավական հանրապետության խորհրդարանը հաստատեց Սահմանադրության մեջ երկրի վերանվանման հարցով փոփոխությունը: Հունաստանի խորհրդարանը վավերացրել է պայմանագիրը: