Ֆրանսիայի նախագահ Սարկոզին կառավարությւոնում առանցքային փոփոխություններ է կատարել` փոխելով արտաքին եւ ներքին գործերի, պաշտպանության նախարարներին:

«Վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի հետ մենք որոշեցինք վերակազմավորել նախարարությունները, որոնք պատասխանատու են դիվանագիտության եւ անվտանգության համար»,-ժողովրդին ուղղված իր ուղերձում ասել է Սարկոզին, որը կիրակի երեկոյան հեռարձակվել է հեռուստատեսությամբ:

Արտաքին գործերի նոր նախարար է նշանակվել Ալեն Ժյուպեն, ով մինչ այդ ղեկավարում էր պաշտպանության նախարարությունը: Սարկոզին նշել է, որ Ժյուպեն, ով ժամանակին զբաղեցրել է նաեւ վարչապետի պաշտոնը, փորձառու քաղաքական գործիչ է, մեկ անգամ արդեն հաջողությամբ իրականացրել է ԱԳ նախարարի գործառույթները:

Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է Սենատում «Միություն հանուն ժողովրդական շարժման» (UMP) կառավարող կուսակցության խմբակցության ղեկավար Ժերար Լոնգեն: Նրան եւս նախագահը բնութագրել է որպես փորձառու գործիչ:

Ելիսեյան պալատի գլխավոր քարտուղար Կլոդ Գեանն էլ ղեկավարել է ներքին գործերի նախարարությունը: ԶԼՄ-ների տվյալներով` ՆԳ նախարարի պաշտոնն զբաղեցնող Բրիս Օրտեֆեն էլ Ելիսեյան պալատի խորհրդականի պաշտոնն  է ստանձնել`պետության ղեկավարի ընտրությունները նախապատրաստելու նպատակադրմամբ: