Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն չի մեկնաբանում լուրն այն մասին, ըստ որի Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը նշանակվելու է Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնում։

Կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից  NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ ծանոթ են այդ մասին մամուլի հրապարակումներին, սակայն «որեւէ ինֆորմացիա այդ առումով չունեն»:

«Թե հետո ի՞նչ զարգացումներ տեղի կունենան, հայտնի չէ: Կարիք չկա ամեն տպագրված նյութ լուրջ մեկնաբանության արժանանացնել, հատկապես որ հայտնի չէ, թե նման տեղեկության աղբյուրը որտեղից է: Այս պահին մենք չունենք տեղեկություն` իրականությանն այդ լուրը համապատասխանո՞ւմ է, թե՝ ոչ»,-հայտնեցին Կոմիտեից:

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, առաջիկայում Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը նշանակվելու է Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնում։ Կադաստրի կոմիտեի ներկայիս ղեկավար, կրկին նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը նշանակվելու է ՀՀ Տարածքային կառավարման նախարարի պաշտոնում։ Իսկ թե ինչ է սպասվում ՏԿ ներկայիս նախարար Արմեն Գեւորգյանին, առայժմ հայտնի չէ:

NEWS.am-ը փորձեց կապվել նաեւ Գագիկ Բեգլարյանի հետ, սակայն մեր հեռախոսազանգին պատասխանած անձն ասաց, թե Բեգլարյանը զբաղված է եւ ազատվելուն պես «հետ կզանգի» մեզ: Նախկին քաղաքապետը, սակայն, այդպես էլ չզանգեց: