Ոչ պաշտոնական տվյալներով, սպասվում է, որ մոտ օրերս Ֆիդել Կաստրոն կհեռանա Կուբայի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղարի պաշտոնից։

Ինչպես հայտնում է РБК-ն, Reuters-ին այս մասին հայտնել են իրավիճակին մոտ կանգնած աղբյուրները։

Սպասվում է, որ Կուբայի կոմունիստների առաջնորդի պաշտոնում Կաստրոյին կփոխարինի նրա կրտսեր եղբայրը՝ Ռաուլ Կաստրոն, ով փաստացի ղեկավարում է Ազատության կղզին։ Սակայն այս դեպքում անհայտ է մնում, թե ո՞վ կզբաղեցնի կուսակցության երկրորդ քարտուղարի պաշտոնը, քանի որ Կաստրո եղբայրները այդ պաշտոնի համար հարմար հարազատներ չունեն։

Հաղորդվում է, որ առաջին քարտուղարի թեկնածության ներկուսակցական հաջորդ քվեարկությունը տեղի կունենա 2011 թվականի ապրիլին՝ կուսակցության հերթական ժողովի ժամանակ։

Նշենք, որ Ֆիդել Կաստրոն հիվանդության պատճառով Կուբան չի ղեկավարում 2006 թվականից։ Նա իր իրավասությունները փոխանցել է եղբորը՝ 79-ամյա Ռաուլ Կաստրոյին։ Օգոստոսի 13-ին Կաստրոն կդառնա 84 տարեկան։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, 2010 թվականի դեկտեմբերին Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտնել էր, որ Ֆիդել Կաստրոն  մտադիր չէ վերադառնալ իշխանության։ Կուբայի ղեկավարության հետ ամենամտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Չավեսը նշել էր, որ Հավանա կատարած իր վերջին այցի ժամանակ Կաստրոն իրեն ասել էր, թե «այլեւս երբեք երկրի ղեկավար չի լինի»։ «Ես չեմ վերադառնա Կուբայի նախագահի պաշտոնին»,-կուբական հեղափոխության 84-ամյա առաջնորդի խոսքերն էր ներկայացրել Չավեսը։