Հնդկական դատարանը 11 մարդու դատապարտել է մահապատժի, եւս 21-ին ցմահ բանտարկության 2002թ. գնացքը հրդեհելու մեղադրանքով: Միջադեպի արդյունքում զոհվել էր 59 մարդ, լրագրողներին հայտնել է մեղադրող կողմի ներկայացուցիչ Ռաջենդեր Տիվարին:

Դատապարտյալների պաշտպանները կարծում են, որ նրանք մահապատժի արժանի չէին, քանի որ մահացածները, ովքեր հինդուիստական կազմակերպության ներկայացուցիչներ էին, իրենք են սադրել: Փաստաբանները բողոքարկելու են վճիռը:

Զոհված հինդուիստները վերադառնում էին ուխտագնացությունից Այոդհյա քաղաքից: «Սաբարմատի էքսպրես» գնացքը 2002թ. փետրվարի 27-ին կանգնել էր Գուջարաթ նահանգի Գոդհրա կայարանում, որտեղ ուղեւորների վրա մոտ հազար մարդ էր հարձակվել: Նրանք բենզին էին լցրել գնացքի վրա եւ հրդեհել:

Դրանից հետո Գուջարաթում միջկրոնական ջարդեր էին սկսվել, հինդուիստները հարձակվել եւ սպանել էին մոտ հազար մարդու:

Գնացքի հրդեհման գործով ամբաստանյալի աթոռին էին հայտնվել 94 մարդ, որոնցից 63-ին դատարանը մեղավոր էր ճանաչել: