Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում փետրվարի 27-ին տեղի է ունեցել Գիտական խորհրդի նիստ, որի ընթացքում տեղի է ունեցել նաև Օտարերկրացիների ուսուցման դեկանատի դեկանի ընտրություն:
Ըստ ԵՊԲՀ հաղորդագրության, դեկանի պաշտոնը զբաղեցնելու համար դիմել էր Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, Տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնի դոցենտ Գայանե Ավետիսյանը, որը փակ գաղտնի քվեարկության արդյունքում՝ 70 կողմ և 2 դեմ ձայներով ընտրվել է Օտարերկրացիների ուսուցման դեկանատի դեկանի պաշտոնում:
Հիշեցնենք, որ մինչև այդ դեկանի պաշտոնը 12 տարի զբաղեցնում էր ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հորեղբոր դուստրը՝ Աննա Սարգսյանը, որը բուհի դեմ դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել իր հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանը եւ վերականգնել նախկին պաշտոնում:
Նա պնդում է, որ բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը փորձում է ազատվել իրենից:
«Համալսարանի ղեկավարությունը որոշել է ձերբազատվել ինձանից և գտել դրա լուծման տարբերակը. իմ հաստիքը գիտ. խորհրդով նշանակովիից դարձրել է ընտրովի և փակ գաղտնի ընտրությամբ հայտարարել, որ չեմ հավաքել բավարար ձայներ»,– NEWS.am-ին ավելի վաղ ասել էր նա՝ նշելով, որ իրենց ազատվելու ցանկությունը պայմանավորված է բուհում ապօրինությունների դեմ պայքարով։





























